Նախքան ռազմաբազա մուտք գործելը, Գյումրիում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի աշխատակիցները հյուրերին ներկայացրեցին Կենտրոնի գործունեությունը, մասնավորապես՝ կամավորական շարժման մասին, որի շրջանակներում երիտասարդ տաղանդները կարող են իրականացնել իրենց ծրագրերը, երազանքները և նոր հետաքրքիր ընկերներ ձեռք բերել։ Խոսվեց նաև «Russia Study» կրթական ծրագրի մասին, որն արտերկրում բնակվող օտարերկրյա քաղաքացիներին և հայրենակիցներին բացառիկ հնարավորություն է տալիս Ռուսաստանի բուհերում անվճար կրթություն ստանալու համար ՝ Ռուսաստանի Դաշնության բյուջեի հաշվին:
102-րդ ռուսական ռազմաբազան ՌԴ ԶՈւ ռազմական ստորաբաժանումներից մեկն է, որը նշանակալի ներդրում է ունեցել Հայաստանի պաշտպանունակության ամրապնդման գործում: Տեղացիներին Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի գուծունեությանը ծանոթացնելու համար բաց դռների օրեր են անցկացվում։ Դրանից զատ, Գյումրիում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնն իր հերթին ռազմաբազայի հետ համագործակցության շրջանակներում Շիրակի և Լոռու մարզերի հանրակրթական ուսումնական հաստատությունների աշակերտներին հնարավորություն է ընձեռում ծանոթանալու ռազմաբազայի զինծառայողների կյանքին ու կենցաղին, տարատեսակ ռազմատեխնիկային։
Էքսկուրսիայի շրջանակներում հյուրերը եղան նաև 102-րդ ռազմաբազայի Պատմության թանգարանում, որտեղ տնօրենի՝ Կարեն Նիկողոսյանի ուղեկցությամբ ծանոթացան թանգարանային ցուցանմուշներին: Հյուրերի ուշադրությանը ներկայացվեց նաև ռազմաբազայի տարածքում տեղակայված սուրբ նահատակ Ալեքսանդրա Հռոմեացի թագուհու անվան եկեղեցին։